Հարսանեկան երգեր

Թագավորն էր թագ, թագավորն էր թագ
Խաչկապն էր վիզ խաչ,
Թագավոր սոլերն էր կարմիր
Արևն էր կանաչ

Թագավորն էր թագ, թագավորն էր թագ
Խաչկապն էր վիզ խաչ
Թագավոր շլվարն էր կարմիր
Արևն էր կանաչ

Թագավորն էր թագ, թագավորն էր թագ
Խաչկապն էր վիզ խաչ
Թագավոր պսակն էր կարմիր
Արևն էր կանաչ

 

Թաք բալա շիրխանի
Նանան քեզի հեյրան ի
Թաք բալա շիրխանի
Նանան քեզի հեյրան ի

Փայաջուկի տեր ընի
Հարութի տան խեր ընի
Փայաջուկի տեր ընի
Հարութի տան խեր ընի

Թագավորին բարանբար, շիրխանի
Նանայի մինուճարն ի, շիրխանի
Թագավորին բարանբար, շիրխանի
Նանայի մինուճարն ի, շիրխանի

 

Թաք բալա շիրխանի
Բաբան ջոջ բազրգան ի
Թաք բալա շիրխանի
Բաբան ջոջ բազրգան ի

Նանան էլ խանըմզար ի
Կակոն գեղի տերտերն ի
Նանան էլ խանըմզար ի
Կակոն գեղի տերտերն ի

Թմբլակոլոզ իմ բալա, շիրխանի
Թախտի կոլոզ իմ բալա, շիրխանի
Թմբլակոլոզ իմ բալա, շիրխանի
Թախտի կոլոզ իմ բալա, շիրխանի

 

Թաք բալա շիրխանի
նանան քեզի հեյրան ի
Թաք բալա շիրխանի
Նանան քեզի հեյրան ի

Սոլեր արծաթե շինած
Շապիկ սուրմաթել նախշած
Սոլեր արծաթե շինած
Շապիկ սուրմաթել նախշած

Կարմիր արև, իմ բալա շիրխանի
Էրգեննա վըր իմ բալա, շիրխանի
Կարմիր արև, իմ բալա շիրխանի
Էրգեննա վըր իմ բալա, շիրխանի

Advertisements

Արևի ծնունդն ու Նոր տարին

Ժողովրդի մեջ ընդունված է եղել Սուրբ Ծնունդը կապել Ամանորի հետ ու երբ Ամանորն են տոնել, այդ ժամանակ էլ Սուրբ Ծնունդ են գովերգել։ Նշենք նաև որ Սուրբ Ծնունդն ու Հարութեունն էլ է նույնացվել մեզանում։

Հին տոնակատարությունները կապված են եղել բնական օրինաչափությունների հետ։ Նոր տարին տոնում էին գարնանը’ զատկին, մարտի 21- ին’ գարնան գիշերահավասարի օրը: Դրան նախորդում էր Մեծ պասը, Պասին’ Բարէկէնդանը, Բարէկէնդանին’ Տրնդեզը, իսկ Տրնդեզը արևի ծնունդի հետ կապված տոն է։

Չգիտեմ Արևի ծնունդը երբ է’ դեկտեմբերի 25- ին, հունվարի 6- ին, թե մարտի 21- ին????? ……. Բայց հաստատ գիտեմ որ մի օր Արևն իր անունը փոխեց ու դարձավ Քրիստոս, բայց արևի ծնունդի տոնակատարություններն իրենց երգերով պահպանվեցին…

Տեսեք Զատկի երգերի բառերը ու նաև մեր լավագույն ազգագրագետներից մեկի’ Արուսյակ Սահակյանի դասախոսությունը այս թեմայով 😉

Զատիկ զատիկ
Տէրն հարութեուն է առել
Զատիկ զատիկ
Հավը կարմիր է ածել
Պողոսն երազ է տեսել
Պողոս երազդ բարի

Զատիկ զատիկ
Շընորհավոր նոր տարի
Զատիկ զատիկ
Նոր տարի ու նոր բարի
Զատիկ զատիկ
Շընորհավոր նոր տարի
Զատիկ զատիկ
Նոր տարի ու նոր բարի

Ախպեր ելի էդ քնից
Գինի խմի էն գավից
Գինին թող անուշ լինի
Գինին անապակ լինի…
4:20 րոպեից

Յալալի

Տէրն հարութեուն է առել
Յալալի
Հավը կարմիր է ածել

Յալալի
Պողոսն երազ է տեսել
Յալալի
Պողոս երազդ ի բարի

Շընորհավոր նոր տարի
Նոր տարի ու նոր բարի

Ախպերս ուր է ուր է
Ախպեր բախչան ի քուն է

Նախշուն բարձը գլխուն է
Ջուրն վերևով անցել է

Նախշուն բարձը թռչել է
Ախպորս քնից հանել է

Ախպեր ելի ել քնից
Գինի խմի էս գավից…

Զատիկ զատիկ նավակատին
Արի նստի մեր տան մոտին
Իմ մեր քե կանի ուր լաճիկ
Իմ մեր քե կանի ուր հարսիկ
Ես քե կտամ իմ խաս գուլպեն
Արի խեր բեր մեր տան վրեն…

Մի քանի երգեր այս տոնակատարությունների հետ կապված 😉

Գնացեք տեսեք

Բասեն բարի

Կաղանդոսը եկել է
Դռան տակը կայնել է
Շալե շապիկ հագել է
Շիլա շապիկ հագել է
Ոտքը չափռաստ հագել է
Սազը ձեռքը բռնել է
Գոնչի-գոնչի կխաղա (“կանչել” բառն է)
Շընորհավոր Նոր տարի
Աղեկություն տուն տարի
Ամեն տարի բարով հասիք

Սոխ ու սխտոր

 

Ի միջի այլոց.

Եկեղեցին փաստորեն ոչ թե միավորող նշանակություն է ունեցել, ինչպես ընդունված է կարծել, այլ հակառակը, որովհետև.
Դարեր շարունակ պետականություն չունենալու պայմաններում չենք ձուլվել մեր մշակութային խորը արմատների հաշվին, իսկ եկեղեցին հարվածել է հենց ժողովրդական մշակույթին ցուցաբերելով նախանձախնդիր վերաբերմունք հին սովորույթների, երգերի, պարերի հանդեպ, փորձելով արհեստականորեն փոխել տոնակատարություններն եւ դրանց իմաստները, որոնք ժողովրդին միավորող ամենառաջին պայմանն են։
Նախանձախնդիր վերաբերմունքի ապացույցներից մեկն էլ այն է, որ<<Սասնա ծռեր>> էպոսը գրառվել է բոլորովին վերջերս 19- րդ դարում… Գրագիտությունը վանական համալիրներում էր ու ժողովրդական շատ վեպեր իրենց երգ ու պարով, թատերական ու ծիսական խաղերով երկար ժամանակ չգրառվելով ու քսրկոծվելով մոռացվել են։

Խնդրում եմ <<եկեղեցին>> չնույնացնել <<Քրիստոնեկան ուսմունքի>> հետ։ Եկեղեցին կոնկրետ քաղաքականություն է, վատ ու լավն էլ իր քաղաքական գործիչների հետ անընդհատ փոփոխող, իսկ ուսմունքը մի ամբողջ ապրելակերպ։

Խազերի մասին :)

“Խազեր” երգչախումբը երգում է հայ ազգային երաժշտություն՝ մասնավորապես Կոմիտաս:

Երգչախումբը ստեղծվել է 2012-ին՝ կամավոր, երաժշտասեր երիտասարդների նախաձեռնությամբ: Երգչախմբում երգում են տարբեր մասնագիտությունների ու նախասիրությունների տեր երիտասարդներ(երաժիշտներ, բնապահպաններ, ազգագրագետներ…), բայց բոլորին միավորել է ազգային երաժշտութունը տարածելու ու զարգացնելու գաղափարը: Դրա մի փոքրիկ մասնիկն էլ ներկայացնում է երգչախմբի անունը: Խազերը հին հայկական նոտագրությունն է, որը կարդալու բանալին կորսվել է 17-18-րդ դարերում և վերականգնվել 19-րդ դարում մեծագույն հայ երաժիշտ, ազգագրագետ Կոմիտասի կողմից: Ցավոք 1915 թ.-ի Թուրքերի կողմից իրականացված Հայերի ցեղասպանությունից հետո Կոմիտասի ձեռագրերի մի մասը կորսվեց: Դրանց մեջ կային Խազերի մասին աշխատություններ ու էլի՝ համաշխարհային երաժշտական ժառանգության համար բավականին թանկ նյութեր: Այժմ Խազագիտությամբ զբաղվում է երաժշտագետ, Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը և հուսանք որ մի օր մենք Խազերի օգնությամբ կերգենք մեր երգերը:
Երգչախմբի երգացանկի հիմնական մասը հենց կազմում են Կոմիտասի բազմաձայնած Հայ գեղջուկ և եկեղեցական երգերը: Դրանց թվում՝ աշխատանքային, ծիսական, սիրային-քնարական, հայրենասիրական պարային, և այլն…
<Խազեր> երգչախումբը Կարևորում է դպրոցներում և հասարակական վայրերում երգելը ու տարածելը ազգային երաժշտությունը:
Կազմակերպել է համերգներ տարբեր բարեգործական ու բնապահպանական միջոցառումների համար:
Երգել է Երևանում, մարզերում, Արցախում:
2014 թ.-ին մի խումբ այլ երիտասարդների հետ կազմակերպել է քաղաքային տրանսպորտում հայկական ազգային երաժշտությամբ CD-ներ բաժանելու միջոցառումը: Բաժանելու ընթացքում երիտասարդները խմբերով բարձրանում էին ավտոբուսներ ու երգում ժողովրդական երգեր:
Նույն կերպ CD-ներ են բաժանվել ծննդատներում՝ արդեն հայկական օրորներով:
Միջոցառումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://www.youtube.com/watch?v=uSNxzkZztYU&list=PLsAHVpudforv-jnWsfx74ITNibm2os4Q5

Երգչախմբի էլեկտրոնային հասցեն
khazerchoir@gmail.com

Երգչախմբի ֆեյսբուքյան էջը
https://www.facebook.com/Khazerchoir/

Երգերի բառեր…

Ես չեմ մոռանում

Ես չեմ մոռանում կարոտով մի հաշտ
Մանուշակագույն մայրամուտ միգասքող
Ամպերդ մաքուր ողողված ոսկով
ԵՒ քեզ հայրենի անուշ լեռնաշխարհ

Կարծես ականջիս հնչում է բարակ
Զանգակը գյուղի քարաշեն ժամից
Որպես մի կռունկ ջոկված երամից
Այնպես լալագին այնպես անճարակ

Ու դեմս են ելնում պարզմիտ ու բռի
Գյուղացիք ծանոթ զարմանքով նայում
Վայրի և կոպիտ սիրով փայփայում
Երբ ճանաչում են ժպտալով բարի

 

Անուշ անուրջով

Անուշ անուրջով պաճուճիր հոգիս
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր
Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս
Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր
Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում
լքված լռության ծածկոցն է իջել
Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում
Տխուր իմ հոգում երգերն են ննջել
Երգիր ինձ համար, երգիր ինձ համար
Ինձ հեքիաթ ասա անրջանք բեր ինձ
Ցրիր քո երգով մռայլ ու համառ
Աշնան գիշերը իմ լքված սրտից

 

Սարդարապատ

 Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար.
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Ավարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած, շունչներս տանք
Սարդարապատի պատի տակ:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Բայց մենք չընկանք,
Մենք միշտ կանք,
Մենք չհանգանք դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը.
Որ մեր հոգու պարտքը տանք:

Զանգեր ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից
Սերունդներ դուք ձեզ ճանաչեք
Սարդարապատից:

Զարթիր լաօ

Չուր եփ մնամ էլու դռներ
Էրթամ ժողվիմ զիմ խեղճ գառներ
Զուգեմ զիմ բաղչայի դռներ
Զարթի՛ր լաօ, մռնիմ քզի

Խեղճ մշեցին մեռաւ լալով
Օտար երկրներ ման գալով
Մեռաւ թուրքի հարկը տալով
Զարթի՛ր լաօ, մռնիմ քզի

Սուլթան ասկեար, զօրք է ժողվեր
Եկել Մշոյ դաշտն է պատել
Սուլթան կ’ուզէ ջնջել մզի
Զարթի՛ր լաօ, մռնիմ քզի

Ոտքի գայնեք, կտրիճ Խերան
Զորքով գնա առաջ ուրան
Սալաթ մեյրու բաժին ղուրբան
Զարթի՛ր լաօ, մռնիմ քզի

 

Պապիկ – մամիկ

Պապիկ մամիկ կարգեք զիս
Հովիվ մարդու մի տաք զիս
Կոտրե զկթոց մոռնա զիս
Պապիկ մամիկ կարգեք զիս

Պապիկ մամիկ կարգեք զիս
Ջուլհակ մարդու տվեք զիս
Թալե զըմքուկ գրկե զիս
Պապիկ մամիկ կարգեք զիս

Պապիկ մամիկ կարգեք զիս
Նախրորդ մարդու տվեք զիս
Կուլֆի տակին քնցու զիս
Մաքու կաթով սնցու զիս

Պապո մամե կարգեք զիս
Շոկլիկ աղջիկ ուզեք զիս
Ունքեր կամար, աչեր ծով
Ունքեր կամար, աչեր ծով

Պապիկ մամիկ կարգեք զիս
Հովիվ մարդու մի տաք զիս
Կոտրե զկթոց մոռնա զիս
Պապիկ մամիկ կարգեք զիս

Պապո մամե կարգեք զիս
Շոկլիկ աղջիկ ուզեք զիս
Ունքեր կամար, աչեր ծով
Ունքեր կամար, աչեր ծով

Պապիկ մամիկ կարգեք զիս
Նախրորդ մարդու տվեք զիս
Կուլֆի տակին քնցու զիս
Մաքու կաթով սնցու զիս

 

Ձյուն

Ձյունը երկար սպասեց գիշերվա իր խորհրդին,
Մինչև լույսերը հանգան, ու ձայները լռեցին,
Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրնգաց,
Խենթի պես պարելով` փաթիլներն իջան ցած:

Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև, ձյունն իր հեքիաթն է պատմում:

Արծաթե թիթեռնիկներ, պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև, երգով լցրին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն…

Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում,
Ձյունը իջնում է թեթև, ձյունն իր հեքիաթն է պատմում…

Ոսկեծամ գեղեցկուհի, առանց քեզ ես չեմ ապրի,
Առանց քեզ ձյունը ճերմակ, ախ, շուտով կդադարի,
Հայտնվի’ր գիշերվա իրական հեքիաթում,
Որ մինչև լուսաբաց մեզ իր գիրկն է առնում…

Ձյու’ն, սպիտա’կ ձյուն, մեղքերիս բե’ր թողություն,
Սպիտա’կ ձյուն, իմ ճերմակ քնքուշություն,
Սպիտա’կ ձյուն, իմ ճերմակ մանկություն….

Արծաթե թիթեռնիկներ, պոկված կապույտ հեքիաթներից,
Թևածելով իջան ներքև, երգով լցրին քաղաքը ծեր,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն,
Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն…

 

Մերիկ, մերիկ

 Մերիկ մերիկ անուշ մերիկ
Անուշ մերիկ
Լուսուն գելնիս մ’ ավլես թախտիկ
Մ’ ավլես թախտիկ
Օր չըկորի աղջկա հետքիկ
Օր չըկորի աղջկա հետքիկ

Փեսեն ելավ արևելքեն
Արևելքեն
Կռունկ էկավ Վանա ծովեն
Վանա ծովեն
Հարսիկ տարան Մեղրագետեն
Հարսիկ տարան Մեղրագետեն

 

Թագվորագովք

Թագավոր ինչ բերեմ քո նման
Քո կանաչ արևու նման
Էն արեգական որ կըծաղկէր
Ծաղկէր քո արևու նման
Էն արեգական որ կըծաղկէր
Ծաղկէր քո արևու նման

Թագավոր ինչ բերեմ քո նման
Քո կանաչ արևու նման
Անթառամ ծաղիկ որ կըծաղկէր
Ծաղկէր քո արևու նման
Անթառամ ծաղիկ որ կըծաղկէր
Ծաղկէր քո արևու նման

 

Հաբրբան

Հաբրբան
Ջանե ջան
Սիրել եմ սերն երեսին
Անթառամ թերն երեսին
Ով իմ սիրածն ինձ չի տա
Աստըծու կերն երեսին
Ով իմ սիրածն ինձ չի տա
Աստըծու կերն երեսին

Հաբրբան
Ջանե ջան
Սարի թրթնջուկ թազա
Մեղր ու շաքար քեզ մազա
Ինձ պես նազանի աղջիկ
Քեզ պես տղին ոնց սազա
Ինձ պես նազանի աղջիկ
Քեզ պես տղին ոնց սազա

 

Հաբրբան
Ջանե ջան
Բուսել ես բաղի միջին
Շամամի թաղի միջին
Գիշեր ցերեկ միալար
Դու ես իմ խաղի միջին
Գիշեր ցերեկ միալար
Դու ես իմ խաղի միջին

Հաբրբան
Ջանե ջան
Բլբուլի պես խաղ ասա
Աշուղի պես տաղ ասա
Ինչքան որ գովես արժեմ
Իմ մոր գովական փեսա
Ինչքան որ գովես արժեմ
Իմ մոր գովական փեսա

 

Զար զընգը

Զար զընգը, զար զընգը
Թող զընգա
Զար զընգը, զար զընգը
Թող զընգա
Պարենք գիշեր լուսնկա
Պարենք գիշեր լուսնկա

Էս գիշեր լուսնակ գիշեր
Զար զընգը, զար զընգը
Թող զընգա

Ձունն էկել զգետին նախշեր
Զար զընգը, զար զընգը
Թող զընգա

Էլի պարը բոլորավ
Զար զընգը, զար զընգը
Թող զընգա

Յարս միջին մոլորավ
Պարենք գիշեր լուսնկա

Զար զընգը, զար զընգը
Թող զընգա
Զար զընգը, զար զընգը
Թող զընգա
Պարենք գիշեր լուսնկա
Պարենք գիշեր լուսնկա

 

Էսօր ուրբաթ է պաս է

Դե, հե, զընգը զընգը
Դե, հե ջան

Սրտիկ արծաթե թաս է
Դե, հե, զընգը զընգը
Դե, հե ջան

Ջուր կուգա վերին սարեն
Սարն օլորելեն
Կըթափի մարմար քարեն
Կաթ-կաթ ծորելեն

Սրտիկ մալուլ մի մնա
Դե, հե, զընգը զընգը
Դե, հե ջան
Աշխարհ մարդու չի մնա
Դե, հե, զընգը զընգը
Դե, հե ջան

Ջուր կուգա վերին սարեն
Սարն օլորելեն
Կըթափի մարմար քարեն
Կաթ-կաթ ծորելեն

Խազեր-ՄՍԿՀ Երկսեռ պատանեկան Երգչախումբ

Երգչախմբի կազմը

Երգչախմբում երգում են կրթահամալիրի ավագ դպրոցի ուսանողները, Քանի որ երկսեռ երգչախմբի համար տղամարդկանց ձայներն արդեն պիտի հասունացած լինեն։ Պարտադիր է նաև երաժշտական լսողությունը քանի որ երգչախմբում երգելու են բազմաձայն։

Այս պահին երգչախմբի կազմում են’
Արեն Պողոսյան
Ալեքս Թադևոսյան
Հարութ Ասատրյան
Միքայել Դանիելյան
Անրի Մարտիրոսյան
Արեգ Սերոբյան
Դավիթ Առաքելյան
Քրիստինե Մեսրոպյան
Մելինե Մարտիրոսյան
Շուշան Հակոբջանյան
Դանիելլա Քոչարյան
Արփինե Մանուկյան
Լուսինե Ալեքսանյան
Սոնա Փափազյան
Մարգարիտա Մանվելյան
Լյուսի Խաչատրյան
Նարե Մամիկոնյան

Երգչախմբում երգելու կարևորությունը

Երգչախմբային արվեստը զարգացնում է ոչ միայն կիրթ երգեցողություն, լավ լսողություն, ճաշակ, այլև ձևավորում է շրջապատի հետ շփվելու բարձր մշակույթ, իրար  հարգելու, զիջելու մտածողություն։

Երգացանկը

Անուշ անուրջով – Էդգար Հովհաննիսյան
Ես չեմ մոռանում –  Էդգար Հովհաննիսյան
Սարդարապատ –  Էդգար Հովհաննիսյան
Զարթիր լաօ – Ռոբերտ Պետրոսյան
Ձյուն – Ռուբեն Հախվերդյան
Պապիկ, մամիկ – Սերգեյ Աղաջանյան

Հետագայում կհամալրվի Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի ուրիշ ազգերի կոմպոզիտորների’ հատկապես ֆոլկլորային խմբերգերով։

Ելույթներ-համերգներ

Երգչախումբն արդեն 2 անգամ ելույթ է ունեցել։

Հոկտեմբերի 13- ի մեդիահինգշաբթիին ՄՍԿՀ Մարմարյա սրահում, երբ հայտարարվեց խմբի գործունեության մեկնարկը։

Հոկտեմբերի 18- ին ՄՍԿՀ մեծ համերգադահլիճում <<Խազեր>> երգչախմբի հետ համատեղ։    http://mskh.am/am/72469

Փորձեր

Փորձերը նախնական արվում են երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի 14:30

Օրինակ. առաջարկում եմ երգչախումբը դարձնել դասաժամ, երգի ժամերին զուգահեռ’ ընտրության տարբերակով։

Աշխատանքի ընթացքում

1. Սովորում ենք երգերը

2. Ձեռք ենք բերում որոշակի կիրթ երգչային մշակույթ’ Ճիշտ ձայնարտաբերության, որը ստանում են շնչառությունը մարզելու, և երգելու ընթացքում իրար լսելու, չբղավելու, բազմաձայն երգելու միջոցով։

Անուշ անուրջով (1-ին և 2-րդ ձայներ)

Առաջին ձայն (աղջիկներ)

https://drive.google.com/file/d/0B_ERTizlfcH2TzlvVGI0RE1OT0lXZVp3Qzg0T2JCV0FRQXZz/view?usp=drivesdk

Երկրորդ ձայն (տղաներ)

https://drive.google.com/file/d/0B_ERTizlfcH2TmZLR0lJd19mZ05oemRQTEg4X202R0c4RmlR/view?usp=drivesdk

Անուշ անուրջով պաճուճիր հոգիս
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր
Մոր պես քնքշաբար մոտեցիր դեմքիս
Խաղաղ փայփայիր սիրտս տարագիր
Լայն դաշտերի մեջ դանդաղ մշուշում
լքված լռության ծածկոցն է իջել
Իմ սիրտը հավետ կարոտն է մաշում
Տխուր իմ հոգում երգերն են ննջել
Երգիր ինձ համար, երգիր ինձ համար
Ինձ հեքիաթ ասա անրջանք բեր ինձ
Ցրիր քո երգով մռայլ ու համառ
Աշնան գիշերը իմ լքված սրտից